Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ռազմավարական նշանակությունն աճում է․ «Օրբելի» և «Չինթան» կենտրոնների քննարկումը

1 ր.   |  2026-07-06

Հուլիսի 6-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնի և հնդկական «Չինթան» հետազոտական կենտրոնի (CRF) փորձագետները տեսակոնֆերանս են ունեցել՝ «Հայաստան-Հնդկաստան․ հարաբերությունների խորացման հնարավորությունները փոխակերպվող աշխարհակարգում» խորագրով։
Քննարկման հիմնական առանցքում եղել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները, միջտարածաշրջանային փոխկապվածության օրակարգը և Իրանի շուրջ զարգացումների ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։



Երկու կենտրոնների փորձագետներն ընդգծել են, որ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական փոխակերպումների պայմաններում աճում է Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ռազմավարական նշանակությունը։ Ընդգծվել է, որ երկու երկրների արտաքին քաղաքականության շուրջ պատկերացումներում կարևոր տեղ են զբաղեցնում փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, ինչպես նաև ռազմավարական ինքնավարության սկզբունքները, որոնք արդիական են դարձնում Երևան-Նյու Դելի համագործակցության խորացումը։



Անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), Չաբահար նավահանգստի, Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) հնարավորություններին։ Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցության և փոխկապվածության զարգացման կարևոր նախաձեռնություն։ Երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները դիտարկվել են մասնավորապես դեղագործության, պաշտպանական արդյունաբերության, հանքարդյունաբերության, ագրոտեխնոլոգիաների և առևտրատնտեսական կապերի խորացման ուղղություններով։